Ինչո՞ւ է կրծքի կաթն այդքան օգտակար երեխաների համար

Կրծքի կաթն իր մեջ պարունակում է  բազմաթիվ իմունային բջիջներ, որոնք երեխաներին պաշտպանում են մանրէներից ու օգնում նրանց «կարգավորել» իրենց սեփական իմունիտետը։

«Մարդը իր սեփական միկրոֆլորան սկսում է ձեռք բերել ու կառուցել լույս աշխարհ գալուց անմիջապես հետո։ Մենք վաղուց ենք փորձել գտնել հատուկ հյուսվածք կամ բջիջների խումբ, որը նորածիններին կպաշտպաներ այն պահին, երբ իմունային համակարգը նոր է սկսվում ձեւավորվել»,- JAMA Pediatrics ամսագրում հրապարակված հոդվածում հայտնել է Ջեք Յուն՝ ԱՄՆ Օգաստայի համալսարանից։

Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքի կաթն ու կերակրման ակտն ինքնին շատ օգտակար են երեխաների համար։ Այն լավացնում է իմունային համակարգի աշխատանքն ու կարգավորում նորածինների աղիների միկրոֆլորան, բարձրացնում նրանց ապագա IQ-ն ու նրանց դարձնում կյանքին ավելի ադապտացված։

Յուն ու նրա գործընկերները պարզել են, թե ինչով է պայմանավորված կրծքի կաթով կերակրված երեխաների  իմունիտետի աշխատանքի ու միկրոֆլորայի կազմի  բարելավումը՝ մանրակրկիտ ուսումնասիրելով կրծքի կաթի քիմիական ու կենսաբանական բաղադրությունը՝  չորս կերակրող մայրերից վերցված նմուշների հիման վրա։

Գիտնականները նշում են, որ բժիշկներն ու կենսաբանները վաղուց գիտեն, որ կաթի մեջ պարունակվում են ոչ միայն «մահացած» սպիտակուցներ, ճարպեր ու ածխաջրեր, այլեւ մոր կենդանի բջիջները։ Ընթացիկ գնահատականներով՝ ամեն օր նորածին երեխան կամ կենդանիների նորածին ձագը կուլ է տալիս մոտ 100 մլն մայրական բջիջ, որոնց դերը նրանց օրգանիզմում գրեթե անհայտ է մնում։

Ամերիկացի կենսաբանները կարողացել են գտնել այս հարցի պատասխանը՝ որսալով ու տեսակավորելով այդ բջիջները եւ որոշելով, թե ինչ հյուսվածքների ու ենթատեսակների են դրանք պատկանում։ Պարզվել է, որ մայրական կաթը պարունակում է  մեծ քանակությամբ հատուկ իմունային մարմիններ, այսպես կոչված բնածին լիմֆոիդ բջիջներ, որոնց մի մասը նստվածք է տալիս երեխայի աղիներում, իսկ մյուս մասը՝ ներթափանցում է նրա օրգանիզմի մեջ։

Այդ բջիջները, Յուի խոսքով, երկակի դեր են կատարում՝ դրանք կարող են պայքարել ինֆեկցիայի դեմ՝ «դրա դեմ ուղղելով» իմունիտետի մյուս մասերը, եւ միաժամանակ դրանք մնացած իմունային մարմիններին «սովորեցնում» են արձագանքել մանրէներին ու մյուս սպառնալիքներին։

Գիտնականները պարզել են, որ լիմֆոիդ բջիջներից բացի, մայրական կաթը պարունակում է նաեւ իմունային մարմինների այլ տեսակներ, ինչպիսիք են մակրոֆագերը, որոնք պատասխանատու են ինֆեկցիաների դեմ պայքարի համար ու օգնում են մորը թե՛ իրեն, թե՛ երեխային պաշտպանել վարակումից։ Դրանց քանակը, ըստ գիտնականների,   կարող է ավելանալ այն պահերին, երբ երեխան հիվանդանում է։

Մինչեւ 20-րդ դարի սկիզբ երկրագնդի բոլոր երեխաները իրենց կյանքի առաջին վեց ամիսներին կերակրվում էին մայրական կաթով։ Իրավիճակը փոխվեց անցած դարի կեսերից, երբ հայտնվեցին առաջին չոր խառնուրդները ու մայրական կաթի փոխարինողները։ Հիմա երեխաների ընդամենը 40 տոկոսն է կրծքով կերակրվում, ընդ որում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում ու Ռուսաստանում այդ ցուցանիշը 1-10 տոկոս է կազմում։  

                                                                                                                                                                                                                          med.news.am