Չարիքը ներս մի թողեք ձեր տուն
Ամուսինը եւ կինը պիտի ամեն ինչ լինեն իրար համար Կյանքի ուղեկից ընտրելիս մտածեք, թե ինչ եք փնտրում տղամարդու մեջ, թե նա ինչ կարող է դառնալ Ձեզ համար: Եթե դուք սիրեկան եք փնտրում եւ մոռանում եք հոգեկան մտերմության եւ շփման մասին, ձեր ընտրյալից կարեւոր գործերի վերաբերյալ զրույցներ մի սպասեք: Եթե զրուցակից եք փնտրում, նա գուցե հարուստ չլինի: Որքան ավելի շատ բան հասկանաք այն մասին, թե ինչ եք փնտրում կյանքի ուղեկից ընտրելիս, այնքան ապագայում քիչ կլինեն անսպասելիություններն ու հիասթափությունները: Կինը պիտի ամուսնուց չունենա գաղտնիքներ, որոնք նա հայտնում է ուրիշներին, ճիշտ այդպես էլ ամուսինը կնոջից չպիտի ունենա գաղտնիքներ, որոնք նա պատմում է կողմնակի անձանց: Հակառակ դեպքում բոլորը կնոջն ավելի մոտ կլինեն, քան ամուսինը: Մայրիկի հետ գաղտնիքները փչացնում են ամուսնու հետ հարաբերությունները: Ընկերուհիների հետ երկար նստելը լարվածություն է բերում ընտանիք: Դու պիտի իմանաս դա: Իսկ ի՞նչ անել: Մտածիր` ամուսնուցդ բացի, ուրիշ մեկի հետ գաղտնիքներ ունենալուց առաջ: Մտածիր, թե ինչպես ստեղծես այնպիսի հարաբերություններ, որ ոչ մեկի հետ չուզենաս գաղտնիքներ ունենալ, ամենամոտ մարդուց բացի: Մտածիր, թե ինչպես անես, որ ամուսինդ էլ իր բոլոր մտքերը եւ գաղտնիքները քեզ բերի: Որ դու նրա համար լինես ամենակարեւոր մարդը, որի հետ հնարավոր է ամեն ինչ քննարկել: Հակառակ դեպքում ինչո՞ւ եք Դուք միասին, եթե Ձեր կարեւոր գործերը եւ գաղտնիքները Դուք ուրիշ տեղ եք քննարկում: Կնոջ սրտում պիտի թաղվեն ամուսնու թերությունները, իսկ ամուսնու սրտում` կնոջ թերությունները: Մի շտապիր հեգնել եւ փորձել արդարանալ, եթե վեճի ընթացքում դու անընդհատ հիշում ես ամուսնուդ թերությունները: Հիշիր, թե ինչպես ես ընտրել ամուսնուդ: Նա ամենալա՞վն էր: Թե՞ պատական մեկը: Եթե ամենալավն էր, ուրեմն այն հարցում, որ այժմ դու դժգոհ ես նրանից, քո մեղքը կա: Կինն ազդում է ամուսնու վրա: Կարելի է այնպես ազդել, որ նա ուզի ավելի լավը լինել: Կարելի է նաեւ փչացնել մարդուն: Դու ինչպե՞ս ես ազդում նրա վրա: Չգիտես: Արագ ուսումնասիրիր այդ հարցը: Այժմ դու դանդաղ գործողությամբ ռումբ ես ստեղծում. դու ազդում ես եւ չգիտես` ինչպես: Քո ազդեցությամբ դու կարող ես զուգընկերոջդ հոգուց բաց թողնել սատանային (ոչ ամենալավ հատկանիշները) եւ չնկատել դա: Այնպես ազդիր, որ նրա հոգում ավելի շատ Աստվածային, ստեղծագործական, արարչական եւ հարգելի բան լինի: Նա քեզ շնորհակալ կլինի դրա համար: Ամուսինները պիտի երբեք իրենց թույլ չտան այնպիսի կատակներ, որոնք կարող են վիրավորել մյուսին: Ամուսինը եւ կինը երբեք պիտի նույնիսկ կատակով իրարից չբողոքեն ծանոթ որեւէ մեկին, որովհետեւ նման` թվում է, թե անվնաս կատակը կարող է երկուսին էլ միայն տհաճություններ պատճառել եւ գուցե նույնիսկ օտարացման հանգեցնել: Մի դավաճանեք իրար` ամբողջ աշխարհին պատմելով, որ նա «մի տեսակ այն չի», «իսկ կինս…». Եթե նա իրոք «այն չէ», ձեզանով զբաղվեք: Միայն ձեզ փոխելով կարող եք փոխել դիմացինին: Ընտանիքը սուրբ վայր է` երկնքի խորհրդանիշը, հայելի, որում մենք տեսնում ենք մեր արտացոլանքը: Այդ վայրին սրբություն կամ արատ բերում են միայն ամուսինը կամ կինը, մյուսները նրանց թողտվությամբ պղծում են այդ վայրը: Ոչ մեկին թույլ մի տուր ամուսնուդ մասին վատն ասել եւ ինքդ նրան երբեք մի ստորացրու խոսքով կամ նրա մասին պատմելով: Հիշիր, հենց որ բերանդ բացես ամուսնուդ մասին ինչ-որ մեկին բողոքելու, դու բաց ես անում այն դարպասը, որով ձեր ընտանիք կմտնի չարիքը (ավերիչ, բացասական էներգիան, ուժը): Ամուսինը եւ կինը պիտի հիշեն, որ իրենք կարող են առաջ գնալ` իրենց կյանքը չդժբախտացնելով ի հայտ եկող հակասությունների պատճառով: Նրանք, ովքեր նույնիսկ աննշան տարաձայնություններ են թույլ տալիս, իրենց տուն են թողնում չարի ուժերին (ավերիչ, կործանարար էներգիան): Ձեր տունը եւ ձեր հարաբերությունները պահպանեք չարի ուժերից: Չարի ուժերը մեր կյանք են գալիս միայն մարդկանց միջոցով, մենք ինքներս ենք նրանց ներս թողնում: Զբաղվեք ձեզնով, զարգացեք, աշխատեք ինքներդ ձեզ վրա, դարձեք այն դարպասը, որով Ձեր կյանք կմտնի իմաստնությունը, բարությունը եւ երջանկությունը: Ձեզ հարաբերությունների մեջ սեր, փոխըմբռնում, աջակցություն, խաղաղություն եւ համաձայնություն ենք մաղթում: