Երեխայի զարգացումն ըստ ամիսների
Առաջին ամիս
Երեխայի զարգացումն ըստ ամիսների . 10-րդ ամիս
Երեխայի զարգացումն ըստ ամիսների . 11-րդ ամիս
Երեխայի զարգացումն ըստ ամիսների. 12-րդ ամիս
Առաջին ամիս
Փոքրիկի շարժումներն դեռևս ինքնաբերաբար են, քանի որ ռեֆլեքսային են: Մեջքի վրա պառկած՝ նա ընդունում է պարանոցի ռեֆլեքսի համար տիպիկ կեցվածք: Եթե երեխային պառկեցնեն փորիկի վրա, սկզբում նա կողքի կթեքի գլուխը, տոտիկները, թաթիկները, սեղմած բռունցքները կձգի դեպի փորիկը:
Երեխան ծնվելու պահից սկսած կարող է տարբերակել առարկաների ձևն ու գույնը, բայց նրա տեսողությունը դեռ կատարյալ չէ: Փոքրիկի ուշադրությունն ինչ_որ բանի վրա սևեռելու համար պետք է նրան գրկել ուղղահայաց կամ մի քիչ թեքած դիրքով: Նրա համար այդպես հարմար ու հետաքրքիր է առարկաները դիտելը, ու երեխան չի քնի մոր ուսի վրա:
Կյանքի առաջին իսկ օրերին փոքրիկները ճանաչում են իրենց մորը, հոտով տարբերակում նրա կրծքի կաթը որևէ այլ տեսակի կաթից:
Երեխայի զարգացումը
Փոքրիկն արդեն կարող է՝
- Փորիկի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել կարճ ժամանակով:
- Կուրծք ուտելիս հայացքը կենտրոնացնել մոր դեմքի վրա:
- Արձագանքել փոքրիկ զանգի ղողանջին հետևելով աչքերով՝ գլուխը թեքել ձայնի աղբյուրի կողմը:
- Աչքերով հետևել շարժվող առարկաներին, որոնք գտնվում են նրա դեմքից 15-25,5 սմ հեռավորության վրա:
- Արձագանքել մեծերի ձայներին:
Երեխայի երկրորդ ամիսը
Ճիշտ է, ծնողները երբեմն չեն նկատում բայց երեխան արագ է աճում: Նա արդեն փորձում է զրուցել՝ բազմաթիվ հնչյուններ արձակելով: Սկզբում թվում է, թե երեխայի ձայնը որևէ մեկին չի հասցեագրված, այլ պարզապես նրան դուր են գալիս այդ ձայնային վարժությունները, ու նա բլբլոմ է իր հաճույքի համար:
Շուտով փոքրիկը կհասկանա, թե ինչպես կարելի է կոկորդի, լեզվի ու բերանի օգնությամբ փոխել այդ հնչյունները, ու այդ հմտության ձևավորմանը զուգընթաց՝ կարելի է նկատել , որ այդ հնչյուններն ուշադրություն գրավելու, ծնողների հետ հաղորդակցվելու միջոց են:
Երեխայի զարգացումը
Փոքրիկը կարող է՝
- ժպտալ,
- աղու- աղու անել,
- փորիկի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել մոտավորապես 45 աստիճան,
- բռնել ափի մեջ դրած չխկչխկան խաղալիքը, մի քանի վայրկյան պահել,
- դեմքից վերև պահած շարժվող առարկային հետևել:
Փոքրիկն արդեն բավականին լավ վերահսկում է գլխի շարժումները, մեծերի ձեռքին նստած՝ մի քան վայրկյան պահում է գլուխը: Վզի մկաններն ամրացել են. նա թեքում է գլուխը, հետևում շարժվող առարկային, որը 20 սանտիմետրից հեռու չպետք է գտնվի:
Երեխայի զարգացումը
Փոքրիկն արդեն կարող է՝
- մորը տեսնելուն պես ժպտալ,
- պահել գլուխը,
- հաճույքով դիտել մահճակալին կախված վառ խաղալիքները,
- խաղալ իր թաթիկներով,
- ոչ մեծ խաղալիքները մի քանի վայրկյան բռնել ձեռքով:
Փոքրիկի առաջին ժպիտը ռեֆլեքսային է ակամա, բայց նա շուտով կսկսի գիտակցաբար ժպտալ՝ ողջույնին կամ մոր ձայնին պատասխանելով: Լավ տրամադրության ժամանակ փոքրիկն իր զգացմունքներն արտահայտելու համար հուզված շարժում է թաթիկներն ու տոտիկները: Բայց եթե նա ջղայնացած է կամ դժգոհում է մենակությունից, իր մասին կհիշեցնի բարձր և նույնիսկ զայրալից աղաղակով: Նա մեծագույն հաճույք է զգում, երբ գրկում են իրեն, մանավանդ երբ գրկելուն զուգընթաց խաղում են իր հետ կամ բարյացակամ ձայնով զրուցում, իսկ լողանալը դառնում է ժամանց, քանի որ նա այդ պահին մոր ուշադրության կենտրոնում է: Այս հասակում երեխաները գիշերն արդեն երկար են քնում, ցերեկը՝ համեմատաբար քիչ: Ցերեկային քունն այնքան խորը չէ, որքան առաջ, և փոքրիկն արթնանում է սովորական կենցաղային աղմուկից:
Չորս ամսական փոքրիկ
Փոքրիկն արագ է աճում: Նա սկսում է քիչ քնել , իսկ արթուն ժամանակ հաղորդակցվել է ուզում հաճույքով «զրուցում է» մեծերի հետ ու պարզագույն խաղեր խաղում:Նա ավելի արագ ու լավ կզարգանա եթե հաղորդակցվելու նրա առաջին փորձերն ուշադրության արժանանան, մեծերը դրա համար ժամանակ պետք է գտնեն: Հարկավոր է նրան տարբեր առարկաներ ցույց տալ և անվանել դրանց անունները:
Պարանոցի մկանների ամրացումը չորս ամսական հասակում երեխայի մոտ առաջացնում է դիրքի որոշ լրացուցիչ ռեֆլեքսներ: Չորսից մինչև վեց ամսական հասակում երեխայի ակտիվությունը նկատելիորեն բարձրանում է. մեջքի վրա պառկած ժամանակ երեխան փորձում է բարձրացնել իրանի ներքևի մասը, այսինքն նստած դիրք ընդունել: Հիշե′ք, երբ նա մեջքի վրա է պառկած այդ դիրքից չպետք է նստի: Իհարկե դա չի նշանակում, որ փոքրիկին պետք է պահել միայն հորիզոնական դիրքում: Կերակրելիս դուք կարող եք նստեցնել նրան Ձեր ծնկներին (կիսանստած վիճակ):
Երեխայի զարգացումը
Փոքրիկը կարող է՝
- փորի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել և երկարատև պահել,
- փորիկի վրա պառկած վիճակում հենվել թաթիկների վրա՝ մարմինը մի քիչ բարձրացնելով,
- հրճվանքի ճիչեր արձակել,
- բավական պինդ պահել գլուխը,
- կողքի թեքվել,
- առարկաներ բռնել:
Փոքրիկի զարգացում. 5-րդ ամիս
Փոքրիկն արդեն ավելի հասկացող ու արտաքին աշխարհի նկատմամբ ավելի զգայուն է դարձել: Երբ ծնվել էր, 5-10 րոպեում հազիվ էր ընկալում, հասկանում որևէ նոր բան: Երեք ամսական հասակում դրա համար հարկավոր էր 30 վայրկյանից մինչև 2 րոպե, իսկ 6ամսական հասակում բավական կլինի ընդհամենը 30վայրկյանը: Կարելի է ասել, որ այդ հասակում երեխան ամեն ինչ անմիջապես է ըմբռնում:
Շուտով նա կսովորի կապակցել պատճառն ու հետևանքը՝ օրորոցից խաղալիք դուրս նետելով: Սկզբում կկարծի, թե խաղալիքն անհետացավ, բայց երբ մեծերը այն բարձրացնում և վերադարձնում են փոքրիկին, նա շփոթվում է՝ միաժամանակ հրճվում: Այդ փորձը մի քանի անգամ կրկնելուց հետո նա վերջիվերջո կկռահի, որ խաղալիքի անհետանալն ու կրկին հայտնվելն իրենից է կախված:
Հարկավոր է փոքրիկին օգնել՝ նրա հետ տարբեր խաղեր խաղալով: Երեխաները շատ են սիրում պահմտոցի խաղալ, երբ մարդիկ, իրերն անհետանում են ու կրկին հայտնվում: Այդ հասակում փոքրիկն անհետացած առարկան գտնելու փորձ չի անում: Նրան թվում է՝ անհետացած առարկան պարզապես գոյություն չունի: Մի քանի ամիս անց նա կհասկանա, որ ինքը կարող է փնտրել, գտնել կորած, անհետացած խաղալիքը:
Երեխայի զարգացումը
Փոքրիկը կարող է՝
Ամուր պահել գլուխը հորիզոնական դիրքում գտնվելիս:
Մանր առարկաները տեսնել:
Հրճվալից ճչալ:
Արտասանել ձայնավոր ու բաղաձայն հնչյուններ օրինակ՝ «ա-ղուու, գղղղ»:
Վեց ամսական փոքրիկ
Երեխան սկսում է հետաքրքրվել իրեն շրջապտող աշխարհով , արագ թեքում է գլուխը լավ ծանոթ ձայնի կողմը և երկար ուսումնասիրում իրեն դուր եկած առարկանները: Փոքրիկը շատ զգայուն է, ինքնուրույն կարող է նստել, ճիշտ է, առայժմ ստիպված է ինչ-որ բանից բռնել: Շուտով նա կկռահի, որ փորիկի վրա պառկած կարելի է մի քիչ տեղաշարժվել՝ հատակից հրվելով: Դա սողալու նրա առաջին փորձն է , բայց երեխաների մեծ մասը սկզբում հետ է սողում: Երեխայիձգվելու, առարկաները բռնելու հմտությունն օրեցօր կատարելագործվում է, և հարկավոր է ամեն օր օգնել նրան այդ հարցում՝ խաղալիքները հեռացնել այնքան, որ նա դրանց հասնի հետ, առաջ, աջ կամ ձախ սողալով: Երեխայի՝ դեպի առարկաները ձգվելու ունակության զարգացմանն օգնում են մահճակալի վրա կախված խաղալիքները: Փոքրիկը սովորում է խաղալիքները ձեռքում պահել և ափից ափ տեղապոխել: Խաղալիքը գցելուց հետո երեխան հետևում է նրան մինչև գլորվելու վերջը, իսկ եթե այն իր տեսադաշտից հեռանա, նա կկորցնի հետաքրքրությունը և կմոռանա դրա մասին:
Այս հասակում փոքրիկը շատ է բլբլում, արձակում մեղեդային միօրինակ ձայնավոր հնչյուններ, արտասանում պարզ վանկեր, ինչպես, օրինակ՝ «ա-ա», «է-դա» և այլն: Խաղալու ժամանակ նա ուրախ ծիծաղում է հրճվում, իսկ իր զայրույթն ու դժգոհությունն արտահայտում բարձր ճիչերով:
Երեխան դեռ շատ փոքր է իր մտավոր ունակությունների ու շարժողական համակարգի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար: Նրա զարգացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ առողջական վիճակը, սնունդը, մեծերի ու հասակակիցների հետ հաղորդակցվելը: Փոքրիկի զարգացումը կախված է ծնողներից՝ երեխային նրանց տրամադրած ժամանակից, ուշադրությունից, նրանից, թե ինչքան հաճախ են նրա հետ զրուցում կամ խաղում, զբաղվում մարմնամարզությամբ:
Երեխայի զարգացումը
Փոքրիկը կարող է՝
Ծիծաղալ, ուրախանալ, բարձր ու սուր ձայնով ճչալ և ջղայնացած գոռալ:
Ինքնուրույն նստել:
Զգուշանալ անծանոթ մարդկանցից:
Բավական ճարպկորեն բռնել փոքր առարկաները:
Հայացքը փոխանցել և թեքվել դեպի այն կողմը, որտեղ նրան ինչ-որ բան է հետաքրքրում:
Փոքրիկի յոթերորդ ամիսը
Մի տեղից մյուսը շարժվելու հմտությունը երեխայի ամենամեծ ձեռքբերումներից է, որը նրա փոքրիկ աշխարհում նոր հնարավորություններ է ստեղծում: Ամեն երեխա ունի տեղաշարժվելու իր եղանակը, մեկը սողում է ծնկների վրա, մյուսը ծալվում ամբողջ մարմնով, մի քանիսը պարզապես կողքից կողք են թեքվում, որոշ երեխաներ էլ հետ են սողում: Մի շարք հետազոտություններ հաստատում են, որ չորեքթաթ սողացող կամ նստած տեղից ինքնուրույն կանգնել կարողացող փոքրիկներն ավելի շուտ են սկսում քայլել, քան շարժվելու մյուս եղանակներն ընտրած երեխաները: Բայց դա չի նշանակում, որ այս երեխաներն իրենց հասակակիցների համեմատ ավելի ճարպիկ են:
Սկսած յոթերորդ ամսից փոքրիկն արդեն ամուր հենվում է իր տոտիկների վրա , նույնիսկ կարող է մոր ձեռքերը բռնած մի քիչ կանգնել: Մեկ-երկու ամիս անց նա կսովորի բարձրանալ տեղից և կփորձի ոտքի կանգնել:
Երեխայի զարգացումը
Փոքրիկը կարող է.
Մոր օգնությամբ ամուր հենվել ոտքերի վրա:
Առանց հենվելու նստել:
Նայել ընկնող առարկաներին:
Թոթովել՝ համադրելով բաղաձայն ու ձայնավոր հնչյուններ:
Ձեռքերով ուտել, սողալ:
8 ամսական փոքրիկ
Ութ ամսական երեխան սկսում է տարբերել իր հետ հաղորդակցվող մարդկանց: Մարդամոտ ու սօիրալիր փոքրիկը, անծանոթ մարդ տեսնելով, հանկարծ կարող է մռայլվել, դառնալ անմարդամոտ: Եթե մայրը անծանոթ մարդու հետ նրան մենակ թողնի նա կսկսի արտասվել խոշոր արցունքներով՝ չնայած դրանից առաջ նա աշխույժ էր, առույգ ու երջանիկ: Մոտավորապես մեկ ամիս անց սենյակում մենակ մնացած փոքրիկը կարող է հիվանդանալ, այսպես կոչված, մենակության, բաժանման վախով:
Եթե փոքրիկն ունի այսպիսի վախի զգացում, կսկսի անհանգստանալ ոչ միայն մորը, այլև ընտանիքի մյուս անդամներին իր կողքին չտեսնելու դեպքում: Երեխայի այդ վախը բուժելու ամենահեշտ միջոցը նրան ընտանեկան սովորական միջավայրում, սիրած խաղալիքների ու ծանոթ մարդկանց կողքին պահելն է: Մայրը պետք է տանից դուրս գա առանց փոքրիկին հրաժեշտ տալու, նրա համար աննկատ և շատ կարճ ժամանակով:
Երեխայի զարգացումը
Փոքրիկը կարող է.
Կանգնել, երբ նրան կանգնեցնում են պինդ մակերևույթի վրա:
Պառկած վիճակից ինքնուրույն նստել:
Ձեռքով բռնել մանր առարկաները, օրինակ՝ չամիչ:
Թեքվել դեպի ծանոթ ձայնի կողմը:
Շարժվել դեպի հեռվում դրած խաղալիքը:
Մանկական գրքեր
Ութ ամսական երեխան առաջին անգամ ինքնուրույնություն է դրսևորում՝ խաղալիք է տալիս մեծերին կամ նրանց հետ խաղում: Փոքրիկը պաշտում է իր փոքր հայտնագործությունների փորձը կիսել մեծերի հետ: Այդ հասակում հետաքրքրասեր փոքրիկին կարելի է ծանոթացնել առաջին գրքերին, նստել նրա կողքին ու կարդալ, գրքի նկարները ցույց տալ: Ընթերցանությունը կդառնա փոքրիկի սիրելի զբաղմունքներից մեկը:
Երեխայի զարգացման 9-րդ ամիսը
Իննը ամսական փոքրիկն արտահայտում է ամենաբազմազան հույզեր՝ հիացմունքից սկսած մինչև վախ, զայրույթ և ձանձրույթ: Հույզերն առայժմ իր զգացմունքներն ու մտքերն արտահայտելու միակ հնարավորությունն են:Այս հասակում երեխան ձգտում է ինքնուրույնություն, բայց իրեն լավ է զգում միայն այն ժամանակ, երբ մայրը կողքին է ու միշտ պատրաստ է օգնելու:
Երեխայի զարգացումը
Փոքրիկն արդեն կարող է՝
Հայացքով հետևել ընկնող առարկաներին, քանի դեռ դրանք չեն անհետացել իր տեսադաշտից:
Ամբողջ մարմնով ձգվել, ոտքի ելնել:
Մանր առարկաները բարձրացնել:
Հաճույքով խախում է թաթիկներով(ծափիկ-ծափիկ):
Ձեռքը թափահարելով հրաժեշտ տալիս:
Այս հասակի փոքրիկն արդեն հավանաբար կարող է առանց օգնության 10-15 րոպե նստել, թեքվել ու բարձրացնել խաղալիքը՝ առանց ընկնելու: Այս հասակում փոքրիկը շատ շարժուն է ու չորեքթաթ, ինքնուրույն սողում է հատակի վրա, թավալվում կողքից կողք:Նա փորձում է ինչ-որ բանից բռնվելով՝ ոտքի կանգնել: Երբ մայրիկը նրա թաթիկներից բռնի կանգնած վիճակում հավանաբար նա կսկսի ոտիկներով առաջ շարժվել՝ փորձարկելով առաջին իսկական քայլերը:
Փոքրիկն կամաց-կամաց ավելի բարձրագոչ է դառնում և իր պահանջկոտ ճիչերով ուշադրությունն իր վրա հրավիրում: Այս հասակից նա առդեն լավ է կծում ու ծամում ուտելիքը, կարող է ինգնուրույն կերակուրի փոքրիկ կտորներ ուտել: Այս հասակում փոքրերը հաճույքով մեծերի հետ պահմտոցի են խաղում: Նրա վարքագիծն ապացուցում է, որ իր զարգացվածության մակարդակում մեծ տեղաշարժեր են կատարվել, և նրան ավելի բարդ բաներ սովորեցնելու ժամանակն է արդեն (օրինակ՝ կուբիկները իրար վրա դասավորել, օղակները փայտիկի վրա հավաքել և այլն):
Երեխայի զարգացումն ըստ ամիսների . 10-րդ ամիս
Տաս ամսական փոքրիկը ոչ միայն հաճույքով խաղում է, այլև վարակիչ ծիծաղով հռհռում սեփական արարքների վրա: Լոգարանում լողանալիս նա մեծագոյն հաճույքով ջիր շիթեր է ցանում, իսկ երբ կարողանում է մորը թրջել, անկեղծորեն ցնծում է: Մեծերին բարկացնելիս, երբ ձևացնում է , թե նրանց խաղալիք է տալիս ու անմիջապես հետ խլում նրանց ձեռքից փոքրիկը շատ է ուրախանում: Դասական մանկական բանաստեղծություններն ու խաղերը այս տարիքից սկսած նրան շատ հետաքրքիր են: Սա երեխայի ուշադրության կենտրոնացման շրջանն է, քանի որ նա կարողանում է իր ուշադրությունը կետրոնացնել միարժամանակ մի քանի առարկաների կամ երևույթների վրա: Հարկավոր է նրան օգնել այդ հարցում: Օրինակ՝ փողոցում կատու տեսնելիս եթե մայրիկն բացականչի«միաու», ապա օրեր անց փողոցում նորից կատու տեսնելիս փոքրիկն ինքը կփորձի արտաբերել կատվի ձայնը: Այսպիսով երեխայի ուսումը համատեղելով խաղերի հետ կարելի է լավ արդյունքի հասնել:
Այս տարիքում երեխաները շատ հետաքրքրասեր են լիում և եթե նրանք անրդեն կարողանում են սողալ հարկավոր շատ ուշադիր լինել: Փոքրիկի դաստիարակություն սկսվում է հենց այս շրջանից: Ի սկզբանե պետք է իմանալ՝ փոքրիկը չի կարող վատը լինել, քանի որ նա դեռ չունի որոշակի կենսափորձ, որ կարողանա տարբերել լավն ու վատը: Նա դրան վարժվում է յուրահատուկ փորձարարական ճանապարհով՝ հետևելով և վերլուծելով ծնողների վարքագիծը:
Երեխայի զարգացումն ըստ ամիսների . 11-րդ ամիս
Մոտավորապես 11 ամսական հասակում երեխաներն սկսում են արտասանել առաջին բառերը: Նրանցից մի քանիսը 9 ամսական հասակում արդեն պարզորոշ արտասանում են բառեր, մյուսները լռում են մինչև մեկ տարեկան և ավելի հասակը: Գիտակցված խոսքը մեծագույն ձեռքբերում է և իրադարձություն է երեխայի կյանքում, մանավանդ եթե հիշենք, որ ոչ վաղ անցյալում նա նույնիսկ ժպտալ չէր կարողանում: Առաջին բառերը սովորելու համար փոքրիկին երկար ժամանակ է հարկավոր, ու ծնողները մեծ համբերությամբ պետք է սպասեն նրա բառապաշարում նոր բառերի հայտնվելուն: Երբեմն մի բառ սովորելու համար նրան ամբողջ մի ամիս է հարկավոր, և դա կշարունակվի այնքան, քանի դեռ նրա բառապաշարը չի հասել 10 բառի: Դրանից հետո բառերի յուրացման արագությունը կտրուկ փոխվում է, բայց դա կլինի 15 ամսական հասակում:
Խոսքի զարգացում
Ծնողները կարող են օժանդակել երեխայի խոսքի զարգացմանը` արտասանելով նրան հետաքրքրող առարկաների անվանումները: Այդ հասակում նա արդեն ցույց է տալիս այն առարկաները, որոնցով ուզում է խաղալ: Նա գիտակցում է, որ իր շարժումները մեծերի հետ հաղորդակցման ամենաարդյունավետ միջոցներն են: Երբ փոքրիկին խաղալիք են տալիս, հարկավոր է արտասանել անվանումը: Օրինակ` երեխան ցույց է տալիս, որ խնձոր է ուզում: Մինչ խնձորը նրան տալը պետք է հստակ ձայնով հարցնել. «Դու խնձո՞ր ես ուզում»: Այդ եղանակով փոքրիկը ոչ միայն կսովորի օգտագործել նոր բառեր, այլև կհիշի դրանց իմաստը: Իհարկե, նա այդ բառերը միանգամից չի հիշի, բայց որոշ ժամանակ անց այդ բառերը կմընեն նրա բառացանկը:
Չպետք է անհանգստանալ, երբ փոքրիկի լեզուն միայն մայրն է հասկանում: Չպետք է զարմանալ, որ փոքրիկի խոսքը չեն հասկանում ոչ միայն օտարները, այլև ընտանիքի անդամները: Երկու կամ երեք տարի անց նրա խոսքը իրոք հասկանալի կդառնա շրջապատողներին: Չպետք է ուղղել երեխայի խոսքը, որպեսզի նա չկորցնի վստահությունը և նոր բառեր արտասանելիս չհուզվի, չանհանգստանա: Բայց չի կարելի նաև կրկնել նրա սխալ արտասանած բառերը միայն նրա համար, որ փոքրիկի շուրթերից դրանք զվարճալի ու սիրուն են հնչում: Երեխայի սխալ արտասանած բառերը կրկնելիս ծնողները փաստորեն խանգարում են նրան իր սխայն արագ ուղղելու հարցում, ու նա շատ ժամանակ կկորցնի, մինչև կսովորի բառերի ճիշտ արտասանությունը:
Շարժումները
Այդ հասակում երեխան արդեն ինքնուրույն կանգնում և կահույքից բռնած քայլում է: Կոշիկ պետք է հագցնել այն ժամանակ, երբ կսկսի վստահորեն քայլել կամ փողոցում զբոսանքի ժամանակ:
Քայլել սովորեցնելը փորձության ու սխալների շրջան է, քանի որ իրականում փոքրիկին ոչնչով օգնել հնարավոր չէ: Միակ բանը, որ կարող են անել ծնողները, երեխայի քայլել սովորելու տեղը լավ օդափոխելն ու հնարավորության սահմաններում անվտանգ դարձնելն է: Նույնիսկ եթե հեռացված են բոլոր վտանգավոր իրերը, փոքրիկին չպետք է մենակ թողնել, հարկավոր է հետևել, ու նա չվնասի իրեն:
Ընկնել, վեր կենալուն զուգահեռ, երեխան սովորում է քայլել: Երեխայի անհաջողությունների նկատմամբ ծնողների դրսևորած վերաբերմունքից է կախված նրա վարքագիծը: Եթե ամեն անգամ, երբ երեխան սայթակում, ընկնում է, մայրը խուճապահար վազում, գրկում է նրան, ու ստուգում` որևէ տեղ չի վնասել, նա ավելի երկար լաց կլինի, քան իսկապես վնասվելու դեպքում: Դրա պատճառն այն է, որ մոր անհանգստությունը նրան վախեցնում է, և կարող է հետ պահել քայլելու հետագա փորձերից: Իսկ եթե մայրը հանգիստ ասում է, որ ոչինչ չի պատահել, փոքրիկին հորդորում է ոտքի կանգնել, ու նա իր սայթաքելը և ընկնելը բնական է համարում:
Երեխայի զարգացումն ըստ ամիսների. 12-րդ ամիս
Փոքրիկն արդեն մեկ տարեկան է: Այդ ընթացքում նա ամենօրյա ջանքերի շնորհիվ ձեռք է բերել հիմնական հմտություններ, ու դարձել հասարակության համեմատաբար ինքնուրույն անդամ: Այդ ընթացքում նրա ուսուցիչներն ու հսկիչները ծնողներն են եղել: Սկսվում է փոքրիկի համար շատ արագ ու արմատական փոփոխությունների շրջանը:
Երեխայի զարգացումը
Երեխան կարող է`
— Ցույց տալ` ինչ է ուզում առանց գոռալու:
— Ինքնուրույն կանգնել:
— Առանց կողմնակի օգնության մի թիչ քայլել սենյակում:
— Մոտ ազգականներին, բարեկամներին հրաժեշտ տալ` թաթիկը թափահարելով:
— Գիտակցաբար ասել «մամա» և «պապա»:
— Գնդակը գլորել դեպի մայրը:
Տարիքի հետ ի հայտ եկող հմտություններ (ունակություններ)
Եթե փոքրիկը դեռ չի քայլում, ուրեմն մոտ օրերս կսկսի քայլել: Ամենայն հավանականությամբ նա կարող է ինքնուրույն կանգնել, մի քիչ քայլել` կահույքից բռնած, բավականին ժիր սողալ կամ գլորվել մի տեղից մյուսը:Նա կարող է ինքնուրույն և երկար նստել` առանց հոգնելու:
Նա ճարպկորեն ու հաճույքով վերցնում է զանազան իրեր, հեշտությամբ բարձրացնում է մանր առարկաներ` օգտագործելով բութ մատը և ցուցամատը: Զարմանալի համառությամբ նետում է առարկաները, խաղալիքները և ուշադիր հետևում նրանց ընկնելուն: Եթե խաղալիքն անհետանա, նա կսկսի որոնել: Խաղալիս փոքրիկը հմտորեն օգտագործում է երկու ձեռքերը, ու հիմա անսխալ կարելի է որոշել` ձեռքերից որի՞ն է նախապատվություն տալիս: Երեխան խորապես բավարարվում է, երբ մայրը հեշտությամբ հասկանում է, թե ինքն ինչ է ուզում, երբ մատով ցույց տալիս է: Բայց նա շատ հետաքրքրասեր ու հարցասեր է, դրա համար հարկավոր է տունը հնարավորության սահմաններում անվտանգ դարձնել: Բայց դա դեռ չի նշանակում, որ նրա հետաքրքրասիրությունը պետք է այնքան սահմանափակել, որ նա լաց լինի կամ հուզվի: Հասկանալի է, որ հատուկ նրա համար բաց եք թողնելու մի քանի դարակներ, որ հանգիստ բավարարի իր հետաքրքրասիրության բնազդը: Զբոսանքի ժամանակ նա երկար, ուշադիր դիտում է մարդկանց, կենդանիներին ու մեքենաները: Նա լավ է ճանաչում ծանոթ մարդկանց, կենդանիներին, ողջունում նրանց ուրախ ճիչերով: Նա արդեն արձագանքում է իր անվանը, գիտի ընտանիքի բոլոր անդամների անունները, լավ է հասկանում պարզունակ խնդրանքները, նույնիսկ կատարում է դրանք: Օրինակ` «Սա տուր մայրիկին» և այլն: Եթե փոքրիկին լողացնելից մայրը խնդրի, որ բարձրացնի կամ ծալի թաթիկները կամ տոտիկները, նա կհասկանա ու կկատարի խնդրանքը: Նրա վարքագիծն ապացուցում է, որ փոքրիկը շատ բան է հասկանում, բայց դեռ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները, ցանկությունները: Նա հրճվում է` ինքն իր հետ «խոսելով» և խոսքի նման հնչյուններ արձակելով: Եթե նա դեռ չի արտասանել իր առաջին բառը, ուրեմն շուտով կարտասանի: